Հաղթանակի գագաթը Ղրղզստանի ամենաբարձր կետն է և աշխարհի ամենահյուսիսային գագաթը, որի բարձրությունը գերազանցում է 7000 մետրը։ Այն գտնվում է Կոկշալ-Տո լեռնաշղթայում՝ Չինաստանի և Ղրղզստանի սահմանին։ Գագաթն անվանվել է ի պատիվ Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի։ Այն լայն ճանաչում ունի․ Զվյոզդոչկա սառցադաշտի վերևում վեր է խոյանում նրա 3 կմ երկարությամբ ուղղաձիգ ժայռապատը։
Հաղթանակի գագաթը նվաճելը լուրջ ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում և սկսնակների համար գրեթե անհաղթահարելի խնդիր է։ Վերելքի բարդությունը, կախված երթուղուց, գնահատվում է 5–6 կարգերով։ Գագաթին կարելի է մոտենալ Չինաստանից, սակայն Ղրղզստանի լանջերով վերելքն ավելի հուզիչ արկած է խոստանում։ Լեռը քմահաճ բնավորություն ունի․ ջերմաստիճանը կարող է իջնել −30 °C-ից ցածր, հաճախ են ձնաբքերն ու ձնահյուսերը։ Ուժգին քամիներն էլ ավելի են դժվարացնում վերելքը։
Չնայած դժվարություններին՝ ամեն տարի բազմաթիվ լեռնագնացներ են ճանապարհ ընկնում դեպի Հաղթանակի գագաթ։ Նախկինում գերակշռում էին Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից եկած լեռնագնացները, իսկ այսօր այն գրավում է աշխարհի տարբեր անկյուններից եկող կտրիճներին։ Գագաթն առաջին անգամ նվաճել են խորհրդային լեռնագնացները 1938 թվականին։ Բարձրության մասին սխալ տեղեկությունների պատճառով նրանք, առանց գիտակցելու, բարձրացել էին նախատեսվածից ավելի վեր։
Անբարենպաստ եղանակի պատճառով դեպի գագաթ արշավները միջինում տևում են 20–25 օր։ Սակայն գագաթից բացվող Տյան Շան լեռների շունչ կտրող համայնապատկերը վարձահատույց է լինում բոլոր դժվարությունների համար։ Այստեղ կարող եք իրականացնել ձեր երազանքները՝ ձեռք մեկնելով դեպի երկինքն ու ամպերը։ Հաղթանակի գագաթն արդարացնում է իր անունը․ այն նվաճելն իսկական ձեռքբերում է։ Դա սեփական անձի, բնության տարերքի և սեփական վախերի նկատմամբ հաղթանակ է, որը խոր բավարարվածություն է պարգևում։







