Թալասի հովիտը հայտնի է իր հարուստ պատմական ժառանգությամբ և մ.թ.ա. 7-րդ դարով թվագրվող հնավայրերով։ Դրանց թվում առանձնանում է Կուլան-Կորուկը՝ Կենտրոնական Ասիայի ամենաառեղծվածային ու հնագույն քաղաքներից մեկը։ Ղրղզական Ալա-Տո լեռնաշղթայի ստորոտի բաց սարահարթում գտնվող այս ամրոցի մնացորդները պատմական հսկայական նշանակություն ունեն։
Կուլան-Կորուկն առաջին անգամ հիշատակվում է Բան Գուի չինական պատմական տարեգրության մեջ։ Համարվում է, որ այն Ժիժիչին հնագույն քաղաք-ամրոցն էր, որտեղ տեղակայված էր հոների զինվորական կայազորը։ Հոները հնագույն թյուրքական քոչվոր ժողովուրդ էին՝ Ժիժի-շանյուի առաջնորդությամբ։ Բերդ հիշեցնող կառույցն աչքի էր ընկնում հռոմեական ճարտարապետության ինքնատիպ տարրերով։ Դրանք հուշում են տարածաշրջանում մշակութային հետաքրքիր փոխանակումների մասին։
Դարեր անց էլ ամրոցի պարիսպների որոշ հատվածներ պահպանում են իրենց սկզբնական տեսքը։ Սա վկայում է շինարարական բացառիկ հմտությունների մասին։ Հատուկ կավային խառնուրդից կառուցված պարիսպներն ունեին ձկան թեփուկներ հիշեցնող բարդ նախշեր և ամուր հիմք։ Քաղաքը շրջապատում էր 4 կմ երկարությամբ հողափոր խրամատ՝ լցված մոտակա գետերի ջրով։ Այն ուժեղացնում էր քաղաքի պաշտպանությունը հնարավոր զավթիչներից։
Այսօր Կուլան-Կորուկի հնավայրը զբաղեցնում է մոտ մեկ հեկտար տարածք և այցելուներին ծանոթացնում իր հարուստ անցյալին։ Հռոմեական քարաշարության եղանակով կառուցված քարե ամրոցի ավերակներում կարող եք տեսնել ճարտարապետական մնացորդներ և հնագույն ռունական արձանագրություններով ժայռապատկերներ։ Կուլան-Կորուկը վառ կերպով հիշեցնում է տարածաշրջանի հարուստ պատմական ժառանգության ու հնագույն բնակիչների հնարամտության մասին, որի հետքերը պահպանվել են մինչ օրս։







