Բեշ-Տաշ լիճը Թալասի մարզի բնության հմայիչ հրաշքներից է։ Այն գտնվում է գեղատեսիլ Բեշ-Տաշի արգելոցի լեռնային կիրճում՝ 2997 մ բարձրության վրա։ Ճանապարհին կանցնեք համանուն հովտով ու կբարձրանաք կիրճ, որտեղից հիանալի համայնապատկեր է բացվում։ Փարթամ կանաչ հովիտների, կարկաչուն գետերի ու լեռնալանջերի տեսարաններն ուղեկցվում են թռչունների դայլայլով ու թարմ, զով օդով։ Բայց այս բնապատկերի իսկական գոհարը Բեշ-Տաշ լիճն է։
Լճի փիրուզագույն մակերեսն արևի տակ շողշողում է ու հմայում։ Այս կախարդական միջավայրում ուժերը վերականգնվում են, ինքնազգացողությունն ու տրամադրությունը՝ լավանում։ Լիճը 28 մ խորություն ունի, իսկ ջուրը տարվա բոլոր եղանակներին զով է մնում։ Այստեղ ապրում են տարբեր ձկնատեսակներ, այդ թվում՝ իշխան, օսման և մարինկա։
Լճի շրջակայքը հովվերգական վայր է հանգստանալու, ոգեշնչվելու, խնջույք անելու կամ հանգիստ զբոսնելով լուսանկարելու համար։ Այս լազուր օազիսը բոլորին հրավիրում է վայելելու իր անդորրն ու բնության շքեղությունը։







