Ալա-Կոլ լիճ․ ոտքով արշավի ուղեցույց

Այցելություններ: 9319

Ալա-Կոլ լիճ՝ Տյան Շանի փիրուզագույն գոհարը

Պատկերացրեք այնքան վառ փիրուզագույն լիճ, որ կարծես շողում է Տյան Շանի խորդուբորդ գրանիտե գագաթների ֆոնին։ Սա Ալա-Կոլն է՝ Ղրղզստանի ամենատպավորիչ բարձրալեռնային լիճը և Կենտրոնական Ասիայում ցանկացած արշավի զարդը։ Այն գտնվում է ծովի մակարդակից 3 532 մ բարձրության վրա՝ տպավորիչ սառցադաշտային կրկեսում։ Այս հիասքանչ ալպյան լիճ հասած արշավորդների առջև բացվում է աշխարհի ամենաանմոռանալի տեսարաններից մեկը։

Նվիրյալ արշավորդների և բնության սիրահարների համար Ալա-Կոլ հասնելը գրեթե ուխտագնացություն է։ Արշավը փորձության է ենթարկում ձեր ֆիզիկական ուժերը, իսկ շունչ կտրող գեղեցկությունը սնում է հոգին։ Փորձառու արշավո՞րդ եք և նոր արկա՞ծ եք փնտրում, թե՞ լուսանկարչության սիրահար եք ու կատարյալ կադր եք որոնում։ Երկու դեպքում էլ Ալա-Կոլ լիճն արժե ներառել այն վայրերի ցանկում, ուր երազում եք հասնել։


🏔️ Ինչո՞ւ այցելել Ալա-Կոլ լիճ

  • ✨ Շլացուցիչ փիրուզագույն ջրեր — Լճի վառ գույնը սառցադաշտային տիղմից է․ արևի լույսի հետ փիրուզագույնի երանգները փոխվում են՝ անիրական թվացող պատկեր ստեղծելով
  • ⛰️ Տպավորիչ լեռնային միջավայր — Լիճը երեք կողմից շրջապատում են բարձրաբերձ գրանիտե գագաթներ, այդ թվում՝ 4 500 մ-ից բարձր Ալա-Կոլ գագաթը
  • 🏕️ Մարդաշատ վայրերից հեռու՝ անաղարտ բնության գրկում — Այստեղ կարելի է հասնել միայն ոտքով՝ վայելելով իսկական մեկուսացումն ու անխաթար բնությունը
  • 📸 Դրախտ լուսանկարիչների համար — Ամեն կողմից բացիկի արժանի տեսարան է բացվում, հատկապես արևածագին ու մայրամուտին
  • 🐑 Ծանոթություն քոչվորական մշակույթին — Երթուղին անցնում է ղրղզական ավանդական ջայլոներով (ամառային լեռնային արոտավայրերով), որտեղ իսկական յուրտաների ճամբարներ կան

🥾 Արշավ դեպի Ալա-Կոլ․ ինչ սպասել

Դեպի Ալա-Կոլ լիճ արշավը սովորաբար տևում է 2-4 օր։ Այն սկսվում է Կարակոլից՝ Ղրղզստանի արկածային զբոսաշրջության մայրաքաղաքից։ Սա համարվում է Տյան Շանի ամենագեղեցիկ և միաժամանակ ամենադժվար արշավներից մեկը։

Արշավի հիմնական տվյալները

Տվյալ Տեղեկություն
Մեկնարկի վայր Կարակոլ, Ղրղզստան
Բարձրություն ծովի մակարդակից Լճի մոտ՝ 3 532 մ (11 588 ֆուտ)
Ընդհանուր երկարություն 40-50 կմ՝ կախված երթուղուց
Տևողություն 2-4 օր
Բարդություն Միջինից մինչև դժվար
Լավագույն շրջանը Հուլիս — սեպտեմբեր
Ամենաբարձր լեռնանցքը Ալա-Կոլ լեռնանցք՝ 3 860 մ

Հանրաճանաչ արշավային երթուղիներ

Երթուղի 1․ Կարակոլի հովիտ — Ալա-Կոլ — Ալտին-Արաշանի հովիտ (3 օր)
Սա դասական և ամենատարածված երթուղին է։ Կարակոլի կիրճից բարձրացեք մինչև լիճը, անցեք տպավորիչ Ալա-Կոլ լեռնանցքը և իջեք Ալտին-Արաշանի հովիտ՝ տաք աղբյուրների դրախտը։

Օր 1․ Կարակոլ → Կարակոլի կիրճ → Սիրոտայի ճամբար (2 900 մ) — 6-7 ժամ քայլք գեղեցիկ անտառներով ու մարգագետիններով
Օր 2․ Սիրոտայի ճամբար → Ալա-Կոլ լիճ (3 532 մ)՝ Ալա-Կոլ լեռնանցքով (3 860 մ) — 5-6 ժամ․ ամենադժվար օրը, երբ գործադրած ջանքերն առավել քան արդարանում են
Օր 3․ Ալա-Կոլ լիճ → Ալտին-Արաշանի հովիտ (2 900 մ) — 4-5 ժամ վայրէջք դեպի տաք աղբյուրների հովիտ, գիշերակաց յուրտաներում
Օր 4․ Ալտին-Արաշանի հովիտ → Ակ-Սու գյուղ → Կարակոլ — 3-4 ժամ քայլք կամ վերադարձ մեքենայով

Երթուղի 2․ Կարակոլի հովիտ — Ալա-Կոլ — Կարակոլ (2 օր)
Նույն ճանապարհով գնալու և վերադառնալու այս տարբերակն ավելի կարճ է։ Այն հարմար է, եթե ժամանակը սուղ է կամ նախընտրում եք վերադառնալ ծանոթ ճանապարհով։

Օր 1․ Կարակոլ → Կարակոլի կիրճ → Ալա-Կոլ լիճ — 7-8 ժամ, գիշերակաց լճափին՝ վրանում
Օր 2․ Ալա-Կոլ լիճ → Կարակոլի կիրճ → Կարակոլ — 6-7 ժամ հետադարձ քայլք

Գեղեցիկ Ալտին-Արաշանի հովտում երևում են յուրտաներ ու լեռներ։
Ալտին-Արաշանի հովիտը կատարյալ պարգև է Ալա-Կոլ լեռնանցքն անցնելուց հետո։


🏕️ Որտեղ գիշերել արշավի ընթացքում

Ալա-Կոլի երթուղու երկայնքով կարող եք գիշերել բնության մեջ՝ վրանում, կամ հարմարավետ յուրտայում։

⛺ Գիշերակաց վրանում

Այսպես առավել անմիջականորեն կզգաք բնության մեջ գիշերելու հաճույքը։ Արշավորդները կարող են վրան տեղադրել երթուղու երկայնքով նախատեսված վայրերում․

  • Սիրոտայի ճամբար — Լեռների տեսարանով հանրաճանաչ վրանատեղի Կարակոլի կիրճում
  • Ալա-Կոլի ափ — Եթե եղանակը թույլ է տալիս, վրան տեղադրեք հենց լճի մոտ․ անմոռանալի՜ փորձառություն է
  • Ալտին-Արաշանի հովիտ — Տաք աղբյուրների մոտ վրան տեղադրելու բազմաթիվ վայրեր կան

🏕️ Յուրտաների ճամբարներ

Ամռանը երթուղու երկայնքով գործում են ղրղզական ավանդական յուրտաների մի քանի ճամբարներ․

  • Ալտին-Արաշանի հովտի յուրտաների ճամբար — Հարմարավետ յուրտաներ՝ մահճակալներով, սննդով և տաք աղբյուրներից օգտվելու հնարավորությամբ
  • Կարակոլի կիրճի յուրտաներ — Պարզ պայմաններով կացություն յուրտաներում՝ արշավի մեկնարկի վայրի մոտ

🛏️ Կարակոլում՝ արշավից առաջ և հետո

  • Ընտանեկան հյուրատներ — Իսկական ղրղզական հյուրընկալություն և առատ նախաճաշեր
  • Հոսթելներ — Մատչելի տարբերակներ ուսապարկով ճանապարհորդների համար
  • Հյուրանոցներ — Հարմարավետ կացություն Կարակոլ քաղաքում

Սիրոտայի ճամբարում տեղադրված հարմարավետ վրաններից լեռների տեսարան է բացվում։
Սիրոտայի հարմարավետ վրանային ճամբարը երթուղու գիշերակացի վայրերից է, որտեղ գիշերն անցկացնելը ծանր փորձություն է։


🍜 Սնունդն արշավի ընթացքում

Ինչ ուտել արշավի ընթացքում

Արշավորդների մեծ մասն իր հետ սննդի պաշար է բերում կամ տուրօպերատորի միջոցով նախապես հոգում է սննդի մասին։ Ահա հնարավոր տարբերակները․

Ձեզ հետ վերցնելու սնունդ․

  • Թեթև արշավային սնունդ՝ էներգետիկ սալիկներ, ընկույզ, չրեր, շոկոլադ
  • Արագ պատրաստվող արիշտա, շիլաներ ու ապուրներ
  • Հաց, պանիր և աղ դրած կամ չորացրած մսամթերք՝ ճաշի համար

Տաք կերակուրներ՝ ուղեկցորդի հետ ճամբարելու դեպքում․

  • Հագեցնող ղրղզական ուտեստներ, օրինակ՝ փլավ (բրինձ՝ մսով ու գազարով)
  • Ջերմացնող ապուրներ ու շոգեխաշած ուտեստներ
  • Լագման՝ ձեռքով ձգված արիշտայով ապուր (յուրտաների ճամբարներում)
  • Առավոտյան շիլա կամ վարսակաշիլա
  • Ուտելու ընթացքում՝ անսպառ թեյ

Ալտին-Արաշանի հովտի յուրտաների ճամբարում․

  • Ղրղզական ավանդական ընթրիքներ, այդ թվում՝ բեշբարմակ
  • Թարմ հաց ու տնական մուրաբա
  • Տաք թեյ՝ տեղական խոտաբույսերով
  • Կումիս (զամբիկի խմորված կաթ)՝ տեղական համերին ծանոթանալու իսկակա՜ն փորձառություն

💧 Ջուր

  • Երթուղու երկայնքով առվակներում քաղցրահամ ջուր կա․ խմելուց առաջ մաքրեք կամ եռացրեք այն
  • Վերցրեք առնվազն 2 լիտր ընդհանուր տարողությամբ ջրամաններ
  • Ջուրը մաքրելու հաբերը կամ զտիչներն անհրաժեշտ են

🎒 Ինչ վերցնել ձեզ հետ

Հագուստ

  • 🥾 Արշավային կոշիկներ — Նախապես հագած ու ոտքին հարմարեցրած, անջրանցիկ, կոճը լավ պահող
  • 🧥 Տաք հագուստ՝ շերտերով հագնելու համար — Նույնիսկ ամռանը ջերմաստիճանը մոտենում է ջրի սառեցման կետին
  • 🧥 Անջրանցիկ բաճկոն և տաբատ — Լեռներում եղանակն արագ է փոխվում
  • 🧶 Ջերմապահ ներքնահագուստ — Խորհուրդ է տրվում մերինոսի բրդից ներքնահագուստ
  • 🧦 Արշավային գուլպաներ — Մի քանի զույգ․ խուսափեք բամբակյա գուլպաներից
  • 🧤 Գլխարկ և ձեռնոցներ — Այո՛, նույնիսկ ամռանը
  • 🧢 Արևապաշտպան գլխարկ և արևային ակնոց — Բարձր լեռներում արևի ճառագայթումն ուժեղ է

Հանդերձանք

  • 🎒 Ուսապարկ — 40-60 լիտր տարողությամբ՝ անձրևապաշտպան ծածկով
  • 🛏️ Քնապարկ — Նախատեսված առնվազն մինչև 0°C (32°F) ջերմաստիճանի համար
  • 🧘 Քնելու գորգ — Անհրաժեշտ է վրանում հարմարավետ քնելու համար
  • 🔦 Ճակատային լապտեր՝ պահեստային մարտկոցներով
  • 🦯 Արշավային փայտեր — Խիստ խորհուրդ են տրվում զառիթափ լեռնանցքներն անցնելու համար
  • 💧 Ջրի շշեր կամ ուսապարկի ջրապարկ — Առնվազն 2 լիտր տարողությամբ
  • 💊 Ջուրը մաքրելու միջոցներ — Հաբեր, զտիչ կամ ուլտրամանուշակագույն մաքրիչ գրիչ

Այլ անհրաժեշտ պարագաներ

  • 🧴 Արևապաշտպան քսուք — SPF 50+․ բարձր լեռներում արևը շատ ուժեղ է
  • 💊 Առաջին օգնության հավաքածու — Ներառյալ բշտիկները մշակելու միջոցներ և ցավազրկողներ
  • 📷 Լուսանկարչական ապարատ — Չվերցնելու դեպքում կափսոսա՜ք
  • 🔋 Դյուրակիր լիցքավորիչ — Երթուղու վրա էլեկտրականություն չկա
  • 🍫 Թեթև ուտելիք — Էներգետիկ սալիկներ, ընկույզ, շոկոլադ
  • 🗺️ Քարտեզ և կողմնացույց կամ GPS — Կամ օգտվեք ուղեկցորդի ծառայությունից
  • 🪪 Անձնագիր — Պահանջվում է ազգային պարկի մուտքի մոտ գրանցվելու համար

🚌 Ինչպես հասնել

Ինչպես հասնել Կարակոլ

Օդային ճանապարհով՝ Կարակոլի միջազգային օդանավակայան (IKG)․
Լավ լո՜ւր կա։ Կարակոլի միջազգային օդանավակայանը 2025 թվականից լիարժեք գործում է՝ ավելի հեշտացնելով արշավի մեկնարկի վայր հասնելը։ Կանոնավոր ներքին չվերթներն այժմ Կարակոլը կապում են Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի (BSZ) հետ։

  • ✈️ Ներքին չվերթներ (Բիշքեկ → Կարակոլ)․ Տեղական ավիափոխադրողները շաբաթական մի քանի չվերթ են իրականացնում։ Թռիչքը տևում է մոտ 1 ժամ՝ խնայելով մեքենայով ճանապարհի 6-7 ժամը։ Սա Կարակոլ հասնելու ամենաարագ և ամենահարմարավետ միջոցն է։ Չվերթն ամրագրեք տեղական ավիաընկերությունների կամ ձեր տուրօպերատորի միջոցով։

«Մանաս» միջազգային օդանավակայանից (BSZ)՝ ցամաքային ճանապարհով․
Բիշքեկի մոտ գտնվող «Մանաս» օդանավակայան ժամանելը նույնպես լավ տարբերակ է։ Այնտեղից կարող եք օգտվել հետևյալ ծառայությունից․

  • 🚐 Նախապես ամրագրված փոխադրում օդանավակայանից․ Ցամաքային ճանապարհով հասնելու ամենահարմար տարբերակն է։ Ամրագրեք անհատական փոխադրում «Մանաս» օդանավակայանից անմիջապես Կարակոլում ձեր կացարան։ Ճանապարհը տևում է մոտ 6-7 ժամ, հեռավորությունը՝ շուրջ 400 կմ։ Ծառայությունը ներառում է չվերթի ժամանմանը հետևելը, պրոֆեսիոնալ վարորդի ծառայությունը և հարմարավետ, օդորակիչով մեքենան։ Ազատ տեղերը ստուգելու և փոխադրումն ամրագրելու համար անցեք այստեղ՝ Փոխադրում «Մանաս» օդանավակայանից Կարակոլ։

Բիշքեկ քաղաքից․

  • Այլ ուղևորների հետ տաքսի կամ երթուղային տաքսի․ 6-7 ժամ, 400-600 KGS․ մեկնում է Բիշքեկի Արևելյան ավտոկայանից
  • Անհատական տաքսի․ $80-100․ ավելի արագ ու հարմարավետ է, կարելի է պայմանավորվել հյուրատների միջոցով

Այլ վայրերից․

  • Ալմաթիից՝ Ղազախստանից․ Գիշերային ավտոբուս կամ այլ ուղևորների հետ տաքսի (8-10 ժամ)
  • Բալիկչիից՝ Իսիկ-Կուլ լճի արևմտյան ծայրից․ Այլ ուղևորների հետ տաքսի դեպի Կարակոլ (3-4 ժամ)

Արշավի մեկնարկը

Արշավը սկսվում է Կարակոլի կիրճից, որը Կարակոլ քաղաքից մեքենայով մոտ 30-40 րոպեի ճանապարհ է։

Ինչպես հասնել արահետի սկզբին․

  • Տաքսի Կարակոլից․ 1 500-2 000 KGS՝ մեկ ուղղությամբ․ նախապես պայմանավորվեք նաև վերադարձին ձեզ դիմավորելու մասին
  • Տուրիստական ընկերության տրանսպորտ․ Ներառված է ուղեկցորդով արշավների փաթեթներում
  • Երթուղային տաքսի․ Երթերը քիչ են, և վաղ մեկնարկի համար դրա վրա հույս դնել չի կարելի

Արշավորդների մեծ մասը Կարակոլի հյուրատան կամ տուրօպերատորի միջոցով կազմակերպում է արահետի սկիզբ հասնելն ու արշավի ավարտին մեքենայով վերադառնալը։


💡 Կարևոր խորհուրդներ՝ դեպի Ալա-Կոլ հաջող արշավի համար

Այցելության լավագույն ժամանակը

Ամիս Պայմաններ Խորհուրդ
Հունիս Լեռնանցքներում հնարավոր է ձյուն, վայրի ծաղիկները նոր են բացվում Հարմար է, բայց պատրաստված գնացեք
Հուլիս Լավագույն պայմանները, բաց արահետներ, տաք օրեր 🌟 ԻԴԵԱԼԱԿԱՆ Է
Օգոստոս Արշավի հիանալի պայմաններ, ամենատաք եղանակը 🌟 ԻԴԵԱԼԱԿԱՆ Է
Սեպտեմբեր Ավելի զով է, մարդիկ քիչ են, աշնանային գույները՝ տպավորիչ Հարմար է
Հոկտեմբեր-մայիս Լեռնանցքները ձյունածածկ են, պայմանները՝ վտանգավոր ❌ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ

Հաշվի առեք բարձրությունը

  • Ալա-Կոլ լեռնանցքում երթուղին հասնում է 3 860 մ բարձրության․ լուրջ վերաբերվեք դրան
  • Մեկնելուց առաջ մեկ օր անցկացրեք Կարակոլում (1 800 մ)՝ բարձրությանը հարմարվելու համար
  • Դանդաղ քայլեք, հատկապես լեռնանցքն անցնելու օրը
  • Օրական 3-4 լիտր ջուր խմեք
  • Ճանաչեք լեռնային հիվանդության ախտանշանները՝ գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ

Ուղեկցորդո՞վ, թե՞ ինքնուրույն

Ուղեկցորդի ծառայություն՝ խորհուրդ է տրվում առաջին անգամ գնացողներին․

  • Անվտանգությունն ապահովելու և տեղանքում կողմնորոշվելու փորձ
  • Տեղական մշակույթի մասին տեղեկություններ և լեզվական աջակցություն
  • Խմբային հանդերձանքի տեղափոխում
  • Տրանսպորտի և թույլտվությունների կազմակերպում
  • Արժեքը՝ օրական $50-80՝ գումարած ծախսերը

Ինքնուրույն արշավ․

  • Լիակատար ազատություն և ծրագրերը փոխելու հնարավորություն
  • Ավելի քիչ ծախսեր
  • Տեղանքում գերազանց կողմնորոշվելու հմտությունների անհրաժեշտություն
  • Ամեն ինչ պետք է ինքներդ կազմակերպեք
  • Հանրաճանաչ երթուղու արահետը լավ տրորված է, բայց մառախուղի մեջ մոլորվելը միևնույն է հեշտ է

Թույլտվություններ և գրանցում

  • Կարակոլի կիրճի ազգային պարկ մտնելու համար պետք է գրանցվել (մոտ 300 KGS)
  • Ձեր ուղեկցորդը կամ տուրօպերատորը կարող է կազմակերպել դա
  • Ձեզ հետ վերցրեք անձնագիրը

📱 Կապ

  • Երթուղու մեծ մասում բջջային կապ չկա
  • Արտակարգ դեպքերի համար խորհուրդ են տրվում արբանյակային հաղորդագրիչներ (Garmin inReach)
  • Կարակոլի և Ալտին-Արաշանի հովտի հյուրատներում WiFi կա

💰 Գումար

  • Կանխիկ գումար (KGS) վերցրեք․ երթուղու վրա բանկոմատներ չկան
  • Գումար նախատեսեք պարկի վճարների, յուրտաներում գիշերակացի, Ալտին-Արաշանի հովտում սնվելու և ուղեկցորդներին թեյավճար տալու համար
  • Կարակոլում բանկոմատներ կան

📸 Խորհուրդներ լուսանկարելու համար

  • Ոսկե ժամին լճի տեսարանը կախարդական է․ նախատեսեք հասնել ուշ կեսօրին կամ մնալ մինչև արևածագ
  • Եռոտանի վերցրեք՝ թույլ լուսավորության պայմաններում լուսանկարելու համար
  • Բևեռացնող զտիչն ավելի արտահայտիչ է դարձնում ջրի փիրուզագույնը
  • Լայնանկյուն օբյեկտիվը փոխանցում է լեռնային ամֆիթատրոնի վիթխարի չափերը
  • Պահեստային մարտկոցներ վերցրեք․ ցրտում դրանք արագ են լիցքաթափվում

🏕️ Հետք մի թողեք

  • Ձեզ հետ տարեք ԱՄԲՈՂՋ աղբը
  • Օգտվեք արդեն օգտագործվող վրանատեղիներից
  • Կղանքը հողի մեջ թաղեք՝ ջրի աղբյուրներից հեռու
  • Հարգեք վայրի բնությունն ու տեղական սովորույթները

🌟 Լճից այն կողմ՝ Ալտին-Արաշանի հովտի տաք աղբյուրները

Դեպի Ալա-Կոլ դժվար արշավից հետո Ալտին-Արաշանի հովտի բնական տաք աղբյուրներում հանգստանալն իսկական երանություն է։ Այս գեղեցիկ հովիտը գտնվում է 2 900 մ բարձրության վրա։ Այստեղ ձեզ սպասում են․

  • Տաք աղբյուրների ավազաններ — Հանքանյութերով հարուստ տաք ջրում հանգստացրեք հոգնած մկանները
  • Յուրտաների ճամբարներ — Հարմարավետ կացություն՝ սննդով
  • Տպավորիչ բնապատկերներ — Շուրջբոլորը գագաթներ ու անտառներ են
  • Մեկօրյա ոտքով արշավներ — Բացահայտեք ջրվեժներն ու ալպյան մարգագետինները
  • Ձիավարություն — Ձի վարձեք՝ շրջակայքում զբոսնելու համար

Շատ արշավորդների համար սա լեռնանցքն անցնելու կատարյալ պարգևն է։ Այստեղ մեկ լրացուցիչ օր անցկացրեք՝ լիարժեք հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։


📝 3-օրյա ծրագրի օրինակ

Օր 1․ Կարակոլ → Կարակոլի կիրճ → Սիրոտայի ճամբար

  • 08:00 — Մեկնում Կարակոլի հյուրատնից, մեքենայով ուղևորություն դեպի արահետի սկիզբ (30-40 րոպե)
  • 09:00 — Վերելքի սկիզբ՝ Կարակոլի կիրճով
  • 13:00 — Ճաշ գետափի գեղատեսիլ վայրում
  • 16:00 — Ժամանում Սիրոտայի ճամբար (2 900 մ), վրանների տեղադրում
  • 18:00 — Ընթրիք՝ լեռների տեսարանով
  • 20:00 — Վաղ քուն․ վաղը կարևոր ու հագեցա՜ծ օր է

Քայլքի տևողությունը՝ 6-7 ժամ, վերելքը՝ 1 100 մ

Օր 2․ Սիրոտայի ճամբար → Ալա-Կոլ լեռնանցք → Ալա-Կոլ լիճ

  • 06:00 — Վաղ մեկնարկ, նախաճաշ՝ ճակատային լապտերի լույսի տակ
  • 07:00 — Վերելքի սկիզբ դեպի Ալա-Կոլ լեռնանցք
  • 10:00 — Հասնում եք լեռնանցք (3 860 մ)․ վայելեք համայնապատկերը և նշե՜ք հաջողությունը
  • 11:00 — Վայրէջք դեպի Ալա-Կոլ լիճ․ առաջին իսկ տեսարանը շունչ է կտրում
  • 13:00 — Ժամանում լճափ, ճամբարի տեղադրում, ճաշ՝ տեսարանով
  • 14:00 — Ազատ ժամանակ․ ուսումնասիրեք շրջակայքը, լուսանկարեք կամ պարզապես հիացեք տեսարանով
  • 18:00 — Ընթրիք, մինչ մայրամուտը գագաթները ոսկեգույն է ներկում
  • 20:00 — Աստղերի դիտում․ այստեղ գիշերային երկինքն ապշեցուցիչ է

Քայլքի տևողությունը՝ 6-7 ժամ, վերելքը՝ 960 մ, վայրէջքը՝ 330 մ

Օր 3․ Ալա-Կոլ լիճ → Ալտին-Արաշանի հովիտ

  • 08:00 — Նախաճաշ՝ լճի տեսարանով
  • 09:00 — Իրերի հավաքում և վայրէջքի սկիզբ դեպի Ալտին-Արաշանի հովիտ
  • 12:00 — Ժամանում Ալտին-Արաշանի հովիտ
  • 13:00 — Ճաշ յուրտաների ճամբարում
  • 14:00 — ՀԱՆԳՍՏԱՑԵՔ ՏԱՔ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ․ երկու օր քայլելուց հետո սա իսկակա՜ն երանություն է
  • 17:00 — Ցանկության դեպքում՝ զբոսանք դեպի մոտակա ջրվեժ
  • 19:00 — Ղրղզական ավանդական ընթրիք յուրտաների ճամբարում
  • 21:00 — Եվս մեկ լոգանք տաք աղբյուրներում՝ աստղերի տակ

Քայլքի տևողությունը՝ 3-4 ժամ, վայրէջքը՝ 630 մ

Օր 4․ Ալտին-Արաշանի հովիտ → Ակ-Սու → Կարակոլ

  • 09:00 — Նախաճաշ և վերջին լոգանքը տաք աղբյուրում
  • 10:00 — Ճանապարհ դեպի Ակ-Սու գյուղ՝ ոտքով կամ լիաքարշ մեքենայով (3 ժամ քայլք կամ 1 ժամ մեքենայով)
  • 13:00 — Ակ-Սուում հանդիպում նախապես պատվիրված տաքսու վարորդին
  • 14:00 — Վերադարձ Կարակոլ․ տաք ցնցուղ, լիարժեք կերակուր և հաջող ավարտը նշելու ժամանա՜կ

✅ Վերջնական ստուգացանկ

Մեկնելուց առաջ համոզվեք, որ պատրաստել եք հետևյալը․

  • 🥾 Արշավային կոշիկներ՝ նախապես հագած ու ոտքին հարմարեցրած
  • 🛏️ Տաք քնապարկ՝ նախատեսված 0°C / 32°F ջերմաստիճանի համար
  • 🧥 Անձրևապաշտպան հանդերձանք
  • 🧥 Տաք հագուստ՝ շերտերով հագնելու համար, ներառյալ ֆլիսե կամ աղվամազով բաճկոն
  • 🧢 Արևապաշտպան պարագաներ՝ գլխարկ, արևային ակնոց, SPF 50+ քսուք
  • 🔦 Ճակատային լապտեր՝ պահեստային մարտկոցներով
  • 💧 Ջուրը մաքրելու միջոց
  • 💊 Առաջին օգնության հավաքածու՝ բշտիկները մշակելու միջոցներով
  • 🍫 Բարձր էներգետիկ արժեքով թեթև ուտելիք
  • 📷 Լուսանկարչական ապարատ և պահեստային մարտկոցներ
  • 🔋 Դյուրակիր լիցքավորիչ
  • 🪪 Անձնագիր
  • 💰 Կանխիկ գումար (KGS)
  • 🗺️ Պայմանավորվածություն ուղեկցորդի հետ կամ ուսումնասիրված երթուղի
  • 📞 Արտակարգ կապի տվյալներ՝ թողած որևէ մեկի մոտ

🎯 Ինչու արժե Ալա-Կոլը ներառել ձեր երազանքի ճամփորդությունների ցանկում

Դեպի Ալա-Կոլ լիճ արշավը տանում է Ղրղզստանի չքնաղ վայրի բնության սիրտը։ Բարձր լեռնանցքն անցնելու դժվարությանը հաջորդում է փիրուզագույն ջրերի կողքին ճամբարելու վայելքը։ Բնական տաք աղբյուրներում լոգանքն ու հեռավոր հովիտներում հովիվների հետ թեյելը ամբողջ կյանքի հիշողություններ են թողնում։

Ալա-Կոլի երթուղին չի հիասթափեցնի նոր փորձություն փնտրող փորձառու արշավորդներին։ Չեն հիասթափվի նաև նրանք, ովքեր ուզում են բացահայտել Կենտրոնական Ասիայի վայրի բնության լավագույն անկյունները։ Արշավը բավական դժվար է, որ այն ավարտելիս զգաք, որ ինչ-որ բանի եք հասել։ Տեղանքն այնքան գեղեցիկ է, որ կարող է բանաստեղծներին ոգեշնչել, և այնքան հեռավոր, որ լիովին կտրվեք առօրյայից։

Պատրա՞ստ եք ամբողջ կյանքում հիշվող արկածի։ Ալա-Կոլ լիճը սպասում է ձեզ։


📍 Հիմնական փաստերը՝ մեկ աղյուսակում

Տվյալ Մանրամասներ
Գտնվելու վայրը Տերսկեյ Ալա-Տո լեռնաշղթա, Տյան Շան լեռներ, Ղրղզստան
Բարձրություն ծովի մակարդակից 3 532 մ (11 588 ֆուտ)
Կոորդինատներ 42°17'45"N 78°25'30"E
Ինչպես հասնել Բազմօրյա ոտքով արշավ Կարակոլից՝ Կարակոլի կիրճով
Բարդություն Միջինից մինչև դժվար
Տևողություն 2-4 օր
Լավագույն շրջանը Հուլիս — սեպտեմբեր
Մոտակա քաղաքը Կարակոլ
Թույլտվությունների անհրաժեշտություն Այո՝ ձևակերպվում են Կարակոլում
Ուղեկցորդներ Խորհուրդ են տրվում առաջին անգամ գնացողներին
Գիշերակաց վրանում Հնարավոր է․ բերեք ձեր հանդերձանքը
Կացություն Վրաններում կամ Ալտին-Արաշանի հովտի յուրտաների ճամբարներում
Ամենաբարձր կետը Ալա-Կոլ լեռնանցք՝ 3 860 մ
Ինչ պետք է իմանալ Եղանակն արագ է փոխվում․ պատրա՜ստ եղեք

Ծրագրո՞ւմ եք այցելել Ալա-Կոլ լիճ։ Կապվեք մեզ հետ՝ ուղեկցորդով արշավների տարբերակներին ծանոթանալու, հանդերձանք վարձելու և այս լեռներին քաջածանոթ տեղացի ուղեկցորդների մասնագիտական խորհուրդները ստանալու համար։

Հարցեր կան:

Կապ մեզ հետ

Ասա մեզ, թե ուր ես ուզում գնալ: Մենք կօգնենք ձեզ ձևավորել ճանապարհորդությունը:

Բիշքեկ, Ռազակով 49

Ձեր հաղորդագրությունը ապահով կերպով կպահվի մեր թիմի վերանայման համար: