Եթե ճանապարհորդում եք Ղրղզստանում՝ բացահայտելու նրա գեղեցկությունը, Օզգոնի ուշագրավ մինարեթը ներառեք այցելությունների ցանկի առաջին կետերի թվում։ Օշի մարզում՝ Ֆերգանայի հովտում գտնվող այս հնագույն կառույցը թվագրվում է 11-րդ դարով։ Այստեղ ձեզ հետաքրքրաշարժ պատմություն է սպասում։
Մինարեթին մոտենալիս ձեր ուշադրությունը կգրավեն պատերի նրբահյուս նախշերը։ Աղյուսագույնի և թրծակավագույնի համադրությունը տպավորիչ տեսք է հաղորդում կառույցին։ Մինարեթի բարձրությունը մոտ 27 մ է, ինչը վկայում է այդ դարաշրջանի ճարտարապետների մեծ հմտության մասին։ Համալիրում մինարեթից բացի կարող եք տեսնել նաև ժամանակին նրա կողքին կանգնած մզկիթի և պալատի ավերակները։
Ըստ պատմաբանների՝ մինարեթը կառուցել են Կարախանյանների արքայատոհմի օրոք՝ օրական հինգ անգամ աղոթքի կանչը հնչեցնելու համար։ Այն նաև դիտաշտարակ էր, որտեղից զգուշացնում էին մոտեցող զավթիչների մասին։ Մինարեթը կանգուն մնաց Կարախանյանների տիրապետության ավարտից հետո էլ։ Այն օգտագործեցին մոնղոլները, Թեմուրյանները և նույնիսկ ռուսները, որոնք գաղութային ընդարձակման ընթացքում այն որպես դիտաշտարակ էին օգտագործում։
Մինարեթի տպավորիչ մասերից մեկը պատվանդանն է։ Դրա ավազաքարե հատվածը բացառիկ վարպետությամբ է մշակված, և այն արժե ուշադիր զննել։ Քարի վրա փորագրված բարդ երկրաչափական ու ծաղկային զարդանախշերը պատկերացում են տալիս կարախանյան արհեստավորների արվեստի բարձր մակարդակի մասին։
Կարող եք նաև բարձրանալ մինարեթի գագաթը․ սա հարմար փորձություն է արկածասեր ու համարձակ զբոսաշրջիկների համար։ Վեր տանող պարուրաձև սանդուղքը նեղ է և բարձրանալուն զուգընթաց ավելի զառիթափ է դառնում։ Սակայն գագաթից բացվող համայնապատկերը, այդ թվում՝ շունչ կտրող տեսարանը դեպի Ֆերգանայի հովիտ, արժե այդ ջանքերը։
Այցելեք նաև հարակից մզկիթի ավերակները, որտեղ պահպանվել է գեղեցիկ միհրաբը։ Մեքքայի ուղղությունը ցույց տվող այս ճարտարապետական տարրը ևս արժե տեսնել։ Մինարեթի նման այն զարդարված է գեղեցիկ երկրաչափական նախշերով, որոնք ընդգծում են կառույցների գեղարվեստական ընդհանրությունը։
Օզգոնի մինարեթը գեղեցիկ պատմական հուշարձան է, որն արտահայտում է կարախանյան ճարտարապետության բնորոշ գծերը։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ Մինարեթի պահպանված լինելը վկայում է պատմական ճարտարապետության պահպանման գործում դրա կարևորության մասին։ Այստեղ կարող եք հաղորդակից դառնալ հեռավոր անցյալին և հիանալ վաղ շրջանի ճարտարապետների հնարամտությամբ։ Իր հետաքրքրաշարժ պատմությամբ ու գեղեցիկ հորինվածքով Օզգոնի մինարեթն արժե անպայման տեսնել, եթե Ղրղզստանում ինքնատիպ ու գրավիչ տպավորություններ եք փնտրում։







