Տյան Շան լեռների սրտում՝ Նարինի մարզում, գտնվում է Կոլ-Ուկոկ լիճը՝ ժայռերի գրկում թաքնված մի գոհար։ Ղրղզերենից թարգմանաբար նրա անունը նշանակում է «լիճ՝ սնդուկի մեջ»։ Այդ անվանումը դիպուկ է նկարագրում հետաքրքրասեր հայացքներից թաքնված այս վայրը։
Դեպի Կոլ-Ուկոկ տանող ճանապարհն ինքնին արկած է։ Այն անցնում է ծաղկաշատ, գեղատեսիլ մարգագետիններով ու լեռնանցքներով, որտեղից շունչ կտրող համայնապատկերներ են բացվում։ Լճին մոտենալիս օդը զովանում է, իսկ լռությունը խախտում է միայն լեռնային գետի կարկաչը։
Կոլ-Ուկոկը բարձր լեռների մի հրաշք է՝ ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա։ Նրա վճիտ, սառն ու թարմացնող ջրում արտացոլվում են շրջակա լեռների ձյունածածկ գագաթները՝ ստեղծելով աներկրային գեղեցկության պատկեր։ Ափերը ծածկված են փարթամ բուսականությամբ՝ բուրավետ խոտաբույսերից մինչև հազվագյուտ ծաղիկներ, օրինակ՝ էդելվեյս։ Դրանք գույներ են հաղորդում այս գեղատեսիլ բնապատկերին։
Չնայած հեռավոր դիրքին՝ Կոլ-Ուկոկը սիրված վայր է բնության սիրահարների ու ոտքով արշավողների համար։ Այստեղ կարող եք անմոռանալի արշավի գնալ գեղատեսիլ արահետներով՝ հիանալով ապշեցուցիչ տեսարաններով և շնչելով լեռնային մաքուր օդը։ Եթե ավելի խաղաղ հանգիստ եք նախընտրում, ճամբարեք լճի ափին։ Վայելեք աստղազարդ երկինքը՝ լսելով քամու հանգստացնող շշուկը։
Կոլ-Ուկոկ լիճը պարզապես տեսարժան վայր չէ․ այստեղ կարող եք իսկապես զգալ ձեր միասնությունը բնության հետ։ Լճի անդորրն ու մեկուսի դիրքը թույլ են տալիս մոռանալ առօրյա հոգսերը և ընկղմվել գեղեցկության ու լռության աշխարհում։ Եթե անմոռանալի արկած եք փնտրում և ցանկանում եք թաքնված դրախտավայր բացահայտել, Կոլ-Ուկոկը կատարյալ վայր է ձեզ համար։







