«Կարակոլ» ժամանակակից լեռնադահուկային բազան գտնվում է Ղրղզստանի Իսիկ-Կուլի մարզում՝ Կարակոլ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Խորհրդային տարիներին այստեղ մարզվում էր օլիմպիական ազգային հավաքականը։ 2004 թվականին բազան ամբողջությամբ արդիականացվել է։
Այսօր «Կարակոլը» հիանալի վայր է թե՛ մարզիկների մարզումների, թե՛ ակտիվ հանգստի համար։
Բնական պայմանների շնորհիվ Կարակոլի լեռնադահուկային բազան յուրահատուկ հանգստավայր է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 2300 մ բարձրության վրա՝ Տյան Շան լեռների լանջերին, վեհաշուք փշատերև անտառների մեջ։ Չսառչող բարձրադիր Իսիկ-Կուլ լճի ազդեցությամբ ձևավորված մեղմ կլիման թույլ է տալիս լիարժեք վայելել դահուկասահքը։ Ձմռանը ցերեկն օդի ջերմաստիճանը հազվադեպ է իջնում -5 °C-ից ցածր։ Արևոտ օրերի առատության շնորհիվ կարող եք և՛ դահուկներով սահել, և՛ արևայրուք ընդունել։ Դահուկային սեզոնը սկսվում է նոյեմբերին և տևում մինչև ապրիլ։ Այդ ընթացքում ձյան պակասի մասին անհանգստանալու կարիք չկա․ գետինը ծածկվում է 1,5–2,5 մ հաստությամբ խիտ ձյունաշերտով։
Ձմռանն այստեղ դրախտ է դահուկորդների ու սնոուբորդիստների համար։ Ձմեռային անտառում ձնագնացով զբոսանքները ուրախություն և անմոռանալի տպավորություններ են պարգևում։ Ամռանն էլ կարող եք վայելել լեռնային ճանապարհներով ջիպով հետաքրքիր ուղևորությունները։ Ձիով լեռնագագաթներ նվաճելիս ձեզ իսկական հեծյալ կզգաք, իսկ լավագույն զբոսաշրջային երթուղիներով ոտքով արշավները հուզիչ բացահայտումներ կպարգևեն։
Տարվա որ եղանակին էլ այցելեք «Կարակոլ», ձեզ հրաշալի հանգիստ է սպասվում։ Այստեղ կբացահայտեք Ղրղզստանի անաղարտ բնության գեղեցկությունն ու կատարելությունը։







