Կենտրոնական Ասիայի ամենալեգենդար ու խորհրդավոր քարանձավը՝ Կան-ի-Գուտը, գտնվում է Բատկենից արևմուտք՝ Շադիմիրի լեռնային տարածքում։ Այն Թուրքեստանի լեռնաշղթայի մի լեռնաճյուղի լանջին է։ Քարանձավը պատմական մեծ նշանակություն ունի․ այն հնագույն Մետաքսի մեծ ճանապարհի առանցքային կետերից էր։ Դրա մասին հիշատակություններ կան Ավիցեննայի աշխատություններում։
10-րդ և 11-րդ դարերում Կան-ի-Գուտը արծաթի և հանքանյութերի արդյունահանման կենտրոն էր։ Սակայն պաշարների սպառվելուն զուգընթաց երբեմնի եռուն հանքը վերածվեց ամայի քարանձավի՝ ստանալով «Կործանման հանք» չարագուշակ անունը։
Քարանձավային համալիրում կան բազմաթիվ խոռոչներ, մինչև 40 մ խորությամբ վիհեր, նեղ, միմյանց միահյուսվող թունելներ ու միջանցքներ։ Դրանք միանում են իրար և տանում դեպի ավելի քան 30 սրահ։ Ամենամեծ սրահի երկարությունը գրեթե 70 մ է, իսկ ծավալը՝ 100 000 խորանարդ մետր։ Քարանձավը ձգվում է ավելի քան վեց կիլոմետր, որից կեսը հայտնաբերվել է միայն վերջերս՝ 2017 թվականին։ Կան-ի-Գուտը պարուրված է լեգենդներով․ հավատում են, որ այնտեղ անթիվ գանձեր են թաքնված։ Այն նույնիսկ ծառայել է որպես աքսորավայր։ Դատապարտվածներին ուղարկում էին այնտեղ՝ այն հույսով, որ նրանք կա՛մ հարստություն կգտնեն, կա՛մ կկործանվեն Կան-ի-Գուտի լաբիրինթոսային անցումներում։







