Բացահայտեք Ջաշիլ-Կոլ լճի գեղեցկությունը՝ ճանապարհ ընկնելով դեպի Չոն-Կեմինի հովտի այս հեքիաթային անկյունը։ Լիճը զարդարում է բարձրալեռնային բնապատկերը՝ ծովի մակարդակից մոտ 3200 մ բարձրության վրա։ Ղրղզերենից թարգմանաբար Ջաշիլ-Կոլ նշանակում է «կանաչ լիճ»։ Այս իսկական գոհարը լիովին արդարացնում է իր անունը՝ արևի մեղմ շողերի տակ զմրուխտի դյութիչ փայլ արձակելով։
Չնայած անվանը՝ Ջաշիլ-Կոլ լճի անաղարտ ջուրն այնքան վճիտ է, որ խորքում երևում է քարքարոտ հատակը։ Լիճը շրջապատված է բարձրաբերձ լեռներով ու խիտ փշատերև անտառներով։ Դրանց գրկում այն հեքիաթային հմայք ունի, որը գերում է զգայարանները։
Ջաշիլ-Կոլ լճի շրջակայքը համարձակ ճանապարհորդներին արկածների անսահման հնարավորություններ է առաջարկում։ Տարածքը հրավիրում է ոտքով ուսումնասիրելու այն․ այստեղ տարածված են թե՛ երկար, թե՛ կարճ արշավները։ Զբոսնեք մոտակա կանաչ անտառներում կամ բարձրացեք լեռների խորդուբորդ լանջերով՝ վայելելով բնության շունչը կտրող տեսարանները։ Լճի հանդարտ ջրերում կարելի է ձկնորսությամբ զբաղվել և նավակով զբոսնել։ Անհրաժեշտ պարագաները հեշտությամբ կարող եք վարձել հարևան քաղաքներում։
Այս խաղաղ անկյան հարևանությամբ տարածվում է Չոն-Կեմինի բնական պարկը։ Կենսաբազմազանությամբ հարուստ պարկում ապաստան են գտնում հազվագյուտ կենդանիներ՝ ձյունահովազներ, լուսաններ և արգալի վայրի ոչխարներ։ Թռչնաշխարհը ևս բազմազան է․ այստեղ կան վեհաշուք արծիվներ, պատկառելի անգղեր ու սրընթաց բազեներ։
Եթե բնության գեղեցկությունները բացահայտելու ու բացօթյա արկածներ որոնելու ձեր ծարավն անսպառ է, Ջաշիլ-Կոլ լիճը ձեզ կցուցադրի Ղրղզստանի շքեղ հմայքը։







